Աստանայում կայացած ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովն առաջինն էր 11-ամյա ընդմիջումից հետո: Այդ հավաքից կային որոշակի սպասելիքներ, որոնք այդպես էլ չարդարացան: Այժմ առկա է որոշակի հիասթափություն, սակայն գագաթաժողովն օգտակար էր Եվրոպայի ու Եվրասիայի անվտանգության վերանայման եւս մեկ հնարավորության ընձեռման շնորհիվ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետո զրույցում ասել է բրիտանական «LINKS» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամմուտը:
Մեկնաբանելով գագաթաժողովի հիմնական արդյունքները` Սամմուտը նշեց, որ ԵԱՀԿ գործողությունների ծրագրի վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվեց:
«Դա կթուլացնի կազմակերպությունը: Գագաթաժողովը ձախողվեց նաեւ եվրոպական ու եվրասիական տարածաշրջանում սառեցված հակամարտությունները, այդ թվում ղարաբաղյան հակամարտության առաջ տանելու հարցում», - նշեց Սամմուտը:
Սակայն գագաթաժողովը կարեւոր ներդրում ունեցավ եվրոպական անվտանգության ապագայի քննարկման կետով: Գագաթաժողովում ընդգծվեց, որ Եվրոպայի անվտանգությունը կախված է նաեւ Եվրասիայի իրադարձություններից, եւ ապագայում այդ կախվածությունը կմեծանա:
«ԵԱՀԿ-ն կարող է հաջողությամբ գործել միայն 56 անդամ երկրների ղեկավարների համաձայնության դեպքում: Սակայն դա գնալով բարդանում է», - նշեց Սամմուտը:
Կանխատեսելով կազմակերպության ապագան` Սամմուտը նշեց, որ ԵԱՀԿ-ն չի վերականգնվել 2008թ. Վրաստանի պատերազմի կանխման գործում ունեցած ձախողումից: Հարավօսական պատերազմի համատեքստում ԵԱՀԿ-ն կարեւորագույն միջազգային գործակալությունն էր, սակայն կազմակերպության սահմանափակումները ցայտուն դարձան բախման ընթացքում եւ դրանից հետո: Այժմ Վրաստան ԵԱՀԿ առաքելության վերադարձման մասին նույիսկ համաձայնագիր չկա:
«ԵԱՀԿ-ին առաջին հերթին անհրաժեշտ է անդամների պարտականությունների հստակեցում: Կազմակերպության քարտուղարությունը պետք է պայքարի բյուրոկրատիայի դեմ: ԵԱՀԿ-ն պետք է կենտրոնանա իր առանցքային խնդիրների լուծման վրա: Այդ խնդիրներն են անվտանգությունը, սպառազինությունների վերահսկողությունը, հակամարտությունների կանխումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը», - ասաց Սամմուտը:
Հելսինկայն եզրափակիչ ակտի տասը սկզբունքներում փոփոխություններ մտցնելու հնարավորության մասին Սամմուտն ասաց, որ այդ փաստաթուղթը պատմական է, իսկ սկզբունքները պահպանում են կարեւորությունը նաեւ այսօր:
«Դրանք համաձայնեցվել են, երբ աշխարհը կիսված էր երկու գաղափարախոսական ճամբարների: Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները թուլացնելու փորձեր պետք է չլինեն: Սակայն աշխարհը փոխվել է եւ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, հատկապես, եվրոպական անվտանգության հարցում: Բայց եվրոպական երկրները պետք է հիմնվեն Հելսինկյան ակտի սկզբունքների վրա, ոչ թե փոխեն դրանք», - եզրափակեց Սամմուտը:



























