Հայաստանի պաշտպանության նախարարության թիկունքի ծառայությունը 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին մասնակցելու համար հանցավոր խմբավորումներին զինվորական համազգեստներ չի տրամադրել: Այդ մասին մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը:

Նրա խոսքերով, ստուգումների արդյունքում Պաշտպանության նախարարության իրային պահեստում հանձնաժողովի անդամները որեւէ համընկնում չեն գտել փաստահավաք խմբի ներկայացրած զեկույցի տվյալների հետ: Արսենյանի խոսքերով, մոտակա օրերին եւ հատկապես մարտի 1-ին զանգվածային «իրային շարժ» չի գրանցվել, իսկ եթե ինչ-որ բան էլ դուրս է գրվել, դրանք եղել են միայն սրբիչներ եւ անկողիններ: Ինչպես նկատեց Արսենյանը, իրենց են տրամադրվել գրանցամատյանները, որոնք, նրա խոսքերով, եղել են անվնաս եւ հիմքեր չկան կարծելու, թէ կեղծվել են: Նույն կարծիքին է նաեւ հանձնաժողովի անդամ, Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը: Ավելին, նա նկատեց, որ, համաձայն տեղեկատվության, որ իրենք ստացել են ստուգումների ընթացքում, փաստահավաք խմբի զեկույցում կան անճշտություններ, քանի որ պահեստներից համզգեստներն ու գլխարկները դուրս են գրվում հավասար քանակությամբ: