Թերթի տեղեկություններով՝ «ֆորս մաժորային» իրավիճակում է հայտնվել Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակությունը: Այն դեկտեմբերի 1-2-ին Բրյուսելում մասնակցում էր կոմիտեի 1-րդ նիստի աշխատանքներին:

Բանն այն է, որ պատվիրակությունը մեծ դժվարությամբ է Հայաստան վերադարձել՝ 24 ժամ եվրոպական օդանավակայաններում սպասելով եւ անորոշության մատնված: Պատվիրակությունը պետք է Երեւան ժամաներ Բրյուսել-Վիեննա-Երեւան չվերթով, որն իրականացնում է ավստրիական ավիաընկերությունը:

Դեկտեմբերի 3-ին հայկական պատվիրակությունը 5 ժամ մնացել է օդանավակայանում, որովհետեւ վիեննական օդանավն այդպես էլ չի ժամանել: 

«Չար լեզուներն ասում են՝ ինչ-ինչ ուժեր հայկական պատվիրակությանը «պատժել» են շատ ջանալու, մասնավորապես, քաղբանտարկյալների մասով մեղմ որոշումների ու իշխանությունների սրտով բանաձեւ հաջողացնելու համար»,-գրում է թերթը եւ հավելում. «Մեր տեղեկություններով՝ հայկական պատվիրակության անդամները պատրաստվում են ավստրիական ավիաընկերության դեմ հայց ներկայացնել եւ դատական կարգով ստանալ իրենց պատճառված բարոյական վնասի փոխհատուցում»: