Գյումրիում եւ Երեւանում ռուսական ռազմակայանները «հայերի ապահովագրությունն է Ադրբեջանի, չի բացառվում նաեւ Թուրքիայի հետ պատերազմի դեպքում»: Այդ մասին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին հայտնել է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:

«Եթե մենք հարձակվենք Թուրքիայի վրա, դա կլինի պատերազմ ՆԱՏՕ-ի հետ: Բայց մենք երբեք չենք հարձակվի Թուրքիայի վրա: Իսկ եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, իսկ մենք ստիպված լինենք փրկել Հայաստանին, դա կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի պատերազմը Թուրքիայի դեմ: Այդ դեպքում ՆԱՏՕ-ն չի միջամտի, եթե միայն մենք չսկսենք վերացնել Թուրքիան երկրագնդի երեսից` ռազմավարական զենքի միջոցով»,- նշել է Խրամչիխինը:

Թուրքիան, ըստ նրա, չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ իր տարածքում ընթացող գործընթացների պատճառով: «Այսօր Թուրքիային մեծ վերապահումով կարելի է ՆԱՏՕ-ի անդամ համարել: Գլխավորն այն է, որ Անկարան այժմ լուրջ խզում ունի Ամերիկայի հետ... Թուրքիան փաստացի խզել է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Փոխարենը լավ բարեկամություն է անում Իրանի հետ: Ուստի չի կարելի նրան ՆԱՏՕ-ի անդամ համարել»,- ամփոփել է նա: