Դեկտեմբերի 6-ին Փարիզում տարանցիկ այցով գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրել է Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհդակցությանը անդրադարձ է կատարվել երկրի նախագահի ուղենիշերի եւ նրա կողմից արտաքին քաղաքականության բնագավառներում  տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրել է Եվրամիության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվել եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստի վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել են դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքները:

Հայաստանի դեսպաններն ու մշտական ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկել են մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: