«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ներկայումս Հնչակյան Սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ (Պերկուպերկյանական թեւի) Վարդան Խաչատրյանը Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովից արմատական տեղաշարժեր եւ սպասումներ հենց սկզբից չի ունեցել։ Այս մասին նա հայտարարեց դեկտեմբեր 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Խաչատրյանի խոսքով, Աստանայի գագաթաժողովը չհասավ իր առջեւ դրված նպատակներին։ «13 կետից բաղկացած վերջնական փաստաթուղթն առլեցուն է հարաբերականությամբ։ Մթնոլորտն, ընդհանուր առմամբ, ապակառուցողական էր։ Կառուցողական կարող էր լինել միայն այն դեպքում, եթե լինեին նախապես համաձայնեցված փաստաթղթեր: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ելույթին, կարելի է դրական գնահատել։ Սակայն հատկանշական է նաեւ այն, որ նախագահի ելույթի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները բացակայում էին դահլիճից։ Սա ցույց տվեց, որ Ալիեւը երկխոսության չի գնում։ Սրա հիման վրա էլ կարելի է ասել, որ այսօրվա տվյալներով Ադրբեջանն ին չ-որ տեղ հետ է գնացել»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով, եթե ԼՂ ճանաչման խնդիրը որոշակի ընթացքի մեջ լիներ, ապա հակամարտության լուծման գործընթացում մանեւրելու տեղ կունենար։




























