Հայաստանի շուրջ 3 տասնյակ ՀԿ-ներ եւ լրատվամիջոցներ համատեղ հայտարարություն են տարածել, որով ՀՀ իշխանություններից պահանջում են ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունը:
«Մենք` ներքոստորագրյալ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դատապարտում ենք քաղբանտարկյալ, ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա վերջերս կատարված հարձակումները:
35-ամյա Նիկոլ Փաշինյանը լրագրող է ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, ով 2008 թ. մարտից ի վեր հալածանքների է ենթարկվում իր քաղաքական հայացքների համար: Փաշինյանը բանտարկվել է 2009 թ. հուլիսին` 2008 թ. փետրվարի 19-ին կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան ողբերգական իրադարձություններով պայմանավորված: Լրագրողը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Դատավարությունը նշանավորվել է օրենքի բազմաթիվ խախտումներով, մասնավորապես` մեղադրող եւ պաշտպանող կողմերի միջեւ հավասարության սկզբունքի մշտական ոտնահարումներով:
Չնայած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրամիության, ԱՄՆ կառավարության, բազմաթիվ այլ միջազգային կազմակերպությունների եւ արտասահմանյան կառավարությունների կողմից լուրջ քննադատություններին` հարցը մնում է չլուծված, եւ Նիկոլ Փաշինյանը ներկայումս երեք տարի տասնմեկ ամիս սահմանված ժամկետով պատիժն է կրում Արթիկ քրեակատարողական հիմնարկում:
Վերջերս` «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ, նրա նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ոտնձգություններ են իրականացվել, քանի որ նա հրաժարվել է դադարեցնել իր թերթում հոդվածներ գրելն ու իշխանություններին անընդհատ քննադատելը: Նախորդ երկու ամսվա ընթացքում Փաշինյանը 4 անգամ հարձակման է ենթարկվել: Վերջին հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին` Փաշինյանի քնած ժամանակ` երկու դիմակավոր անձանց կողմից: Նախքան դեպքի հետաքննությունը` ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` հռչակելով, թե ոչինչ տեղի չի ունեցել, եւ Նիկոլը դիմակավորներին տեսել է երազում: Հետաքննությունը փաստացի սկսվել է միայն այն բանից հետո, երբ լրագրողը ներկայացրել է կատարվածը` տրամադրելով ապացույցներ` իր անկողնու սավանը` զինվորական «սապոգի» եւ արյան հետքերով: Փաշինյանի առողջությանը եւ կյանքին շարունակում են սպառնալ լուրջ վտանգներ:
Մենք` ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք, որ Հայաստանի իշխանություններն ապահովեն ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը, պատժեն ոճրագործներին եւ արգելեն բոլոր այն գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված են Փաշինյանի անվտանգության դեմ: Մենք նաեւ պահանջում ենք ՀՀ իշխանություններից, որ Նիկոլ Փաշինյանն անմիջապես ազատ արձակվի:
Սույն պահանջագիրը բաց է ստորագրության համար»:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի



























