Միջազգային պայմանագրերում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որը նախատեսում է օրինականացնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պայմանագրա-իրավական հարաբերությունները, բանակցային գործընթացին ավելի մեծ վնաս կհասցնի, քան թե ԼՂՀ անկախության ճանաչումը: Խորհրդարանի ամբիոնից այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը:
Նա նշել է, որ մինչ օրս Հայաստանի երեք նախագահները տարբեր պատճառներով չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Ես կարծում եմ, որ երրորդ նախագահը եւս ուժ չի գտնի իր մեջ ճանաչելու այն»,-նշեց Սաֆարյանը: Պատգամավորի հավաստմամբ, այդ օրինագծի ընդունումը պետք է դիտարկել միջազգային հանրության առջեւ ՀՀ ղեկավարության ստանձնած պարտավորությունների հարթությունում:
Սաֆարյանը քննադատեց այդ փաստաթուղթը` նշելով, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է որոշակի հեռավորություն պահպանի այնտեղ նշված Աքվիլայի 6 տարրերից, որում կա հայերի համար ոչ բարենպաստ դրույթներ, որոնք մասնավորապես առնչվում են փախստականների եւ ԼՂՀ ենթակայության տակ գտնվող տարածքների վերադարձին:




























