«Հայաստանի Հանրապետական» կուսակցության համար զարմանալի է այն քաղաքական ուժերի պահվածքը, որոնք փորձում են խոչընդոտել Թուրքիայի հետ հարաբերությունների կայացմանը",- այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

Պատգամավորի կարծիքով՝ նախստորագրված արձանագրությունն այն եզակի փաստաթուղթն է, որով կստեղծվի հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլ, եւ հայկական կողմը Թուրքիայի հետ կկարողանա քննարկել բոլոր այն կնճռոտ խնդիրները, որոնք տասնյակ տարիներ շարունակ փորձում է բարձրացնել։ «Ես համարում եմ, որ այս արձանագրությունը իրոք Հայաստանի համար մեկ քայլ առաջ է։ Մինչ արձանագրության հրապարակումը տարբեր կարծիքներ էին հնչում, որ արձանագրության մեջ գոյություն ունեն այնպիսի նախապայմաններ, որոնք չեն համապատասխանում մեր պետության գաղափարախոսությանը, սակայն արձանագրությունից երեւում է, որ մենք նման կնճռոտ կետեր չունենք»,- նշեց նա։

Ըստ Սուքիաս Ավետիսյանի՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է կարողանան բառ առ բառ քննարկել արձանագրությունը եւ ներկայացնել ընդհանուր պետության կարծիքը՝ Թուրքիայի հետ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ։ «Մենք չենք հրաժարվի Թուրքիայի հետ հետագա հարաբերություններից, որպեսզի կարողանանք ունենալ մեր պահանջատիրական սկզբունքները՝ մեր պատմական հողերի նկատմամբ։ Այսօր քայլ չանելը սխալ է, մենք պետք է զարգանանք՝ հարեւանների հետ հաստատելով բարիդրացիական հարաբերություններ»,-եզրափակեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի ԱԳՆ-ները հաղորդագրություն տարածեցին՝ ներկայացնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին նախստորագված արձանագրությունները: Երկու երկրները նաեւ պայմանավորվել են ներքին խորհրդակցություններ սկսել՝ արձանագրությունների կապակցությամբ: