Այսօր՝ դեկտեմբերի 7-ի կեսօրին լրացել է փաստաբաններ Կարեն Թումանյանի եւ Էդմոն Մարուքյանի՝ Հադրութի քննչական բաժին ներկայացված միջնորդության ժամկետը, որով վերջիններս միջնորդում են պաշտպանության միջոց կիրառել նոյեմբերի 19-ին Հադրութի զորամասում տեղի ունեցած արյունալի միջադեպի մեջ մեղադրվող Մանվել Հազրոյանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Թումանյանը: Նա նշեց, որ իրենց ներկայացրած միջնորդությունը պետք է քննարկվի 24-ժամյա ռեժիմով, եւ չբացառեց, որ ՊՆ քննչական ծառայությունն արդեն պատասխանած լինի փոստով: Փաստաբանները միջնորդում են Մանվել Հազրոյանին տեղափոխել Հայաստան, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեպքում տեղափոխել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Փաստաբանը նշեց, որ պաշտպանության միջոց կիրառելու միջնորդության անհրաժեշտությունն ի հայտ է եկել, քանի որ, ըստ Հազրոյանի հարազատների, տուժողների հարազատները փորձել են զինծառայողի նկատմամբ հաշվեհարդար տեսնել:
«Երկրորդ. քանի որ նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանքը, ապա նա պետք է լինի ՔԿՀ-ում: Հաշվի առնելով, որ Հազրոյանը բժիշկների հսկողության տակ գտնվելու անհրաժեշտություն ունի, նա պետք է տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Բացի այդ, գործը քննում են ՀՀ իշխանություններն՝ ի դեմս ՊՆ քննչական ծառայության, հարուցվել է քրեական գործ եւ մեղադրանք է առաջադրվել: Այդ դեպքում, ի՞նչ անհրաժեշտություն կա, որ Հազրոյանը գտնվի Ստեփանակերտի հոսպիտալում»,-նկատեց փաստաբանը: Ինչ վերաբերում է Հազրոյանի առողջական վիճակին, ապա այն, փաստաբանի խոսքով, բավարար է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանն էլ փաստաբանների միջնորդության առնչությամբ ասաց, որ Հազրոյանի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն չկար, քանի որ զինծառայողի նկատմամբ զինվորական ոստիկանության ներկայացուցիչների կողմից վերահսկողություն է իրականացվում:
Ինչ վերաբերում է գործով նախաքննության ընթացքին, Մերի Սարգսյանը ոչինչ չասաց՝ դարձյալ խորհրդավոր լռություն պահպանելով:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է զինծառայող Մանվել Հազրոյանը: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Եսայանը, Ներսես Գալոյանը, Նարեկ Սահակյանը, Նվեր Սարգսյանը:
Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Մելքումյանը, Խաչիկ Ալեքսանյանը, Մասիս Գրիգորյանը եւ Մանվել Հազրոյանը: Վերջինիս նոյեմբերի 23-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ), եւ 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ ՊՆ-ի՝ նա ընդունել է իրեն հասցեագրված մեղադրանքները: Նշենք, որ Մանվել Հազրոյանն ազգությամբ հայ է, «Եզդի» մականունով:
Հ.Գ. Արդեն մի քանի շաբաթ է՝ ՊՆՔԾ-ից նախաքննության ընթացքի մասին տեղեկություն ստանալու NEWS.am-ի փորձերն ապարդյուն են անցնում: Քննչական ծառայությունը պարբերաբար կրկնում է նույն նախադասությունը. «Այս պահին ոչինչ ասել չենք կարող: Զանգեք մի քանի օրից»: Այդ՝ «մի քանի օրից» ժամկետը ձգվում է արդեն երկու շաբաթ: Մինչդեռ, այս ընթացքում միջադեպի հետ կապված տարաբնույթ տեղեկություններ են հայտնվում մամուլի միջոցներում, որոնցից տպավորություն է ստեղծվում, որ ՊՆ-ն ամեն կերպ փորձում է կոծկել գործը:
Հ.Մանուկյան




























