Դեկտեմբերի 9-ին` Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Երեւանում տեղի կունենա «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) մամուլի ասուլիսը, որի ժամանակ կներկայացվի կազմակերպության 2010 թ. «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի» (ԿՀԲ) արդյունքները:

ԿՀԲ-ն աշխարհի տասնյակ պետությունների տնային տնտեսությունների ներկայացուցչական հարցում է մարդկանց` կոռուպցիայի ընկալման եւ փորձի վերաբերյալ: Մասնավորապես, հարցման միջոցով վեր են հանվել տվյալ երկրի բնակչության կողմից առավել կոռումպացված ընկալվող ոլորտը, իրենց երկրներում վերջին տարիներին կոռուպցիայի մակարդակի փոփոխության վերաբերյալ նրանց կարծիքը, քաղաքացիների կողմից պաշտոնատար անձանց կաշառք տալու տարածվածությունը եւ այլն: 2010 թ. ԿՀԲ-ն ներառել է 86 պետությունների հարցման  ենթարկված 91,500 տնային տնտեսություններ: Ինչպես եւ նախորդ 2009 թ., այս տարի նույնպես Հայաստանն ընդգրկվել է հարցման մեջ: Հայաստանում հարցումն անցկացվել է 2010 թ. հունիսի 10-ից 20-ն ընկած ժամանակամիջոցում «Գելափ Ինթերնեշնլի» ռուսաստանյան ներկայացուցիչ Ռոմիր հոլդինգի կողմից, որը հանրային կարծիքի ուսումնասիրություններ իրականացնող ռուսաստանյան հայտնի ընկերություն է: