«Նախարարների փոփոխությունը բերում է մարտավարական, ոչ թե ռազմավարական փոփոխությունների»,- իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված այսօրվա ասուլիսին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով. «Ես լծվել եմ այս գործին իրականացնելու 2008 թվականի Աժ-ում հավանության արժանացած Կրթության ոլորտի կառավարության ծրագիրը: Իհարկե, մոտեցումների տարբերություն կլինի եւ կա, որը անձնական խառնվածքի, աշխատաոճի ու նաեւ քաղաքական այլ պատկանելության հետեւանք է»:

Իսկ ոլորտի խնդիրների լուծման համար Աշոտյանը առաջարկել է մի շարք միջոցներ, որոնք են օրենսդրական դաշտի բարեփոխումը, ոլորտի ֆինանսավորումը, հասարակության ներսում գիտելիքի նկատմամբ պահանջարկի ձեւավորումը եւ կադրային քաղաքականությունը:

Նախարարի խոսքով, դպրոցի կարեւորագույն խնդիրներից մեկն էլ դրամահավաքությունն է.

«Ուզում եմ զգուշացնել այն մարդկանց, ովքեր կարծում են, որ ապօրինի դրամահավաքի հետ կապված էպոպեան ավարտվել է նախարարի փոփոխությամբ. Ո՛չ, չի ավարտվել»,- ասել է նա եւ նկատել. «Մեր ուսուցիչների բազմահազարանոց բանակը կարիք չունի այդ դրամահավաքների միջոցով հավելյալ գումարների: Այն կարիք ունի հասարակական գնահատականի եւ հարգանքի»: Աշոտյանը նշել է, որ նախարարության թեժ գիծը թեժացել է, ստացվող ահազանգերը անանուն են եւ հիմնականում մայրաքաղաքի դպրոցներից են: Աշոտյանը զգուշացրեց նաեւ, որ ինքը հանձնարարել է համապատասխան ուսումնասիրություններ կատարել յուրաքանչյուր ահազանգի հետքերով: Նախարարը դրամահավաքության դեպքերի բացահայտումն ու հետեւաբար պատիժը հատկապես կարեւորել է այս օրերին՝ ուսուցչի օրվան ընդառաջ:

Ինչ վերաբերվում է նախարարության հսկողության տակ գտնվող միակ ուսանողական հանրակացարանին, որի առաջին հարկը վաճառվել է, իսկ մնացած հարկերում եռապատկվել վարձը՝ 16 քառ. մետրանոց սենյակը դառնալով 180 հազար դրամ, Աշոտյանը անմիջապես նշված գումարը բաժանել է ամբողջ տարվա վրա եւ եկել այն եզրակցության , որ դա այնքան էլ թանկ չէ եւ մատչելի է հեռավոր մարզից եկած ու ֆիանսական միջոցներից զուրկ ուսանողին:

NEWS.am-ի այն հարցին, թե նախարարությունը ինչ լուծումներ է գտել 2011 թվականի շրջանավարտների բացակայությամբ պայմանավորված ճգնաժամի դեմ, Աշոտյանը պատասխանել է. «Գործիքացանկը, որով մենք առաջարկում ենք հաղթահարել այդ ճգնաժամը, նախապատրաստական բաժանմունքերի ստեղծումն է այդ տարվա համար, երկրորդը՝ համապատասխան արտոնյալ վարկերի տրամադրումն է, եւ երրորդը՝ չմոռանանք, որ ճգնաժամային 2011-ին հաջորդելու է բարենպաստ 2012-ը, երբ որ ավարտողների թիվը, նորմայից մեկուկես անգամ ավել է լինելու։ Ընդհանուր առմամբ այդ վտանգները հնարավոր է չեզոքացնել»: