Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը միջնորդել է կառավարության առջեւ՝ բալետի մենակատար Արման Գրիգորյանին մինչեւ 2011 թ. աշնանային զորակոչը զինվորական ծառայությունից տարկետում տալու մասին։ Նշենք, որ Ա. Գրիգորյանը ծնվել է 1985 թ. եւ 2011 թ. կլրանա նրա 26-ամյակը։
Մշակույթի նախարարն իր միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ Ա. Գրիգորյանը օժտված է բացառիկ մասնագիտական տվյալներով, որոնց զուգակցումը հազվադեպ է բալետի բնագավառում:
Մշակույթի գործիչների գնահատմամբ՝ եթե Ա. Գրիգորյանին հնարավորություն ընձեռնվի շարունակել մասնագիտական որակավորման բարձրացումը Ցյուրիխի բալետային թատրոնում, վերադառնալով հայրենիք, նա իր ավանդը կներդնի հայ բալետային արվեստի զարգացման գործում:
Մշակույթի նախարարի կարծիքով՝ զինվորական ծառայության ընթացքում երկարատեւ դադարը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ խոստումնալից երիտասարդ արտիստի կատարողական արվեստում եւ մասնագիտական կարողությունների զարգացման գործում։



























