Համակարգային կոռուպցիայի եւ անձնական ու խմբակային շահերի գերակայության պայմաններում է, որ մինչ այսօր` երկրաշարժից 22 տարի անց, հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան: Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, հավելելով, որ փաստորեն, մեկ սերունդ մեծացել է  մարդ-էակին ոչ վայել պայմաններում:

«Քանի դեռ իշխանական վերնախավի ներկայացուցիչները տարեցտարի ժառանգաբար փոխանցում են նույն խոստումները, հազարավոր ընտանիքներ արդեն սերունդներով ապրում են տնակներում»,- ասաց Ալավերդյանն ու ընդգծեց. «Ժառանգություն» խմբակցությունը պահանջում է Կառավարությունից, ապամենաշնորհացնելով եւ պետական մասշտաբի կոռուպցիայից ազատելով շինարարության ոլորտը, իրական քայլեր ձեռնարկել աղետի գոտու վերականգնման աշխատանքների ուղղությամբ, կապալառուներին ընտրել թափանցիկ մրցույթների միջոցով, ապաեւ վերահսկել հատկացվող անհրաժեշտ միջոցների ծախսման արդյունավետությունը եւ առաջիկա ամիսներին վերջնական լուծում տալ աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքների հարցին: Վերահսկիչ պալատից եւ իրավապահ մարմիններից պահանջում է պարզել աղետի գոտու վերականգնման նախորդ տարիների ծրագրերի տապալման պատճառները եւ պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին»:

Այն, որ մինչ օրս բնակարանային հարցը լուծված չէ, ըստ «Ժառանգության» պատգամավորի, խոսում է այն մասին, որ իշխանությունները պարտավոր են արդեն նոր իրավիճակում վերջնական լուծումը համարեն պատվո խնդիր: