Թուրքիայում քրդերեն լեզվով թատերական ներկայացումների նախադեպ ստեղծած թուրքական թատրոնի հայտնի գործիչ Հալդուն Դորմենը պատրաստվում է Հայոց ցեղասպանությանը նվիրված բեմադրություն ներկայացնել հենց ապրիլի 24-ին։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Անկարայի թատերական փառատոնի շրջանակներում ներկայացվել է քրդերենով բեմադրված «Մի ձմռան հեքիաթ» ստեղծագործությունը, որից հետո բեմադրության հեղինակ Հալդուն Դորմենը հայտարարել է, թե հաջորդ քայլը լինելու է հայկական հարցին նվիրված բեմադրություն կազմակերպելը, որի աշխատանքներն արդեն սկսվել են։
«Նեջդեթ Բայընդըրը մի գեղեցիկ պատմություն է գրել։ Ումրանիյեյի քաղաքապետարանը խնդրեց եւ ես սկսել եմ բեմադրման աշխատանքները։ Գեղեցիկ խաղ է եղել։ Ներկայացման մեջ ոչ ոքի դեմ մեղադրանք չկա, պարզապես ներկայացվում է մարդկանց գեղեցիկ կյանքի խորտակումը, եւ թե ինչպես է դրախտային կյանքը միանգամից վերածվում դժոխքի։ Այն մի սիրո պատմություն է, որի իրադարձությունները տեղի են ունենում Վանում։ Սիրահարները հանդիպում են միմյանց 50 տարի անց»,-նշել է հայտնի թուրք թատերական գործիչը։





























