Հայ ազգային կոնգրեսն իր ափոսանքն է հայտնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը արած հայտարարությունների կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Ստեփան Սաֆարյանը, անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթում տպված հոդվածին, ըստ որի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի իրական պատճառը խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ու մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն են, որոնք կուսակցության համագումարի ընթացքում վերահսկվող վարչություն ձեւավորելու համար կեղծիքներ են արել, հայտարարել էր, թե Մարտիրոսյանն ու Խուրշուդյանը, ընդհակառակը, կանխել են վարչության մի քանի անդամների կատարած կեղծիքները՝ առգրավելով կեղծ քվեաթերթիկները, իսկ կեղծարարներն իրականում գործել են Հայ ազգային կոնգրեսի դրդմամբ: «Մի երկու խառնակիչ ուղղակի խոստումներ էին ստացել ժամանակին Հայ ազգային կոնգրեսի կողմից՝ պաշտոններ ստանալու վերաբերյալ, եւ տապալվելուց հետո սկսվեցին պաշտոններ ուզել մեզնից»,- պատճառաբանել էր Սաֆարյանը՝ նշելով, որ ՀԱԿ-ը, հավանաբար լիդերության խնդիրներ ուներ «Ժառանգության» հետ:
«Մենք մեր ափսոսանքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ „Հայկական ժամանակ“ թերթում այսօր հրապարակված տեղեկատվությունը „Ժառանգություն“ կուսակցության մեր գործընկերների կողմից վերագրվել է Հայ ազգային կոնգրեսին»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նկատեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը եւ հավելեց. «Կոնգրեսը չունի պաշտոնաթերթ եւ հարգում է բոլոր լրատվամիջոցների անկախությունն ու խոսքի ազատությունը»:
«Կոչ ենք անում մեր գործընկերներին՝ ձեռնպահ մնալ հապշտապ եզրակացություններից: Մենք եղել եւ շարունակում ենք լինել „Ժառանգության“ հետ համագործակցության կողմնակիցը, ուստի շահագրգռված ենք նրա համախմբվածությամբ եւ միասնականությամբ»,- ամփոփեց Մուսինյանը:




























