Հայտնի փոփ-երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, ով նախօրեին երեկոյան պաշտոնապես ներողություն է խնդրել կին ռեժիսորից, ում դաժանաբար ծեծի էր ենթարկել, հայտարարել է որ հիվանդ է եւ իր հետ պարբերաբար պատահող նոպաների պատճառով բժշկական լուրջ զննություն անցնելու համար այսօր մեկնում է արտերկիր, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
«Տարեկան երկու անգամ ինձ հետ լուրջ նոպաներ են լինում, որոնց հետեւանքով ես ոչինչ չեմ հիշում եւ չեմ հասկանում, թե ինչ եմ անում։ Ես ինքս սարսափում եմ դրանից: Միայն հիմա եմ հասկանում, որ լուրջ բուժման կարիք ունեմ», -ասել է երգիչը:
NEWS.am-ը հաղորդել էր, որ Ֆիլիպ Կիրկորովը դարձյալ հայտնվել է սկանդալային պատմության մեջ: «Ոսկե գրամոֆոն» արարողության երկրորդ ռեժիսոր Մարինա Յաբլոկովան Կիրկորովի դեմ քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացրել Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչություն: Յաբլոկովայի փաստաբանը պնդում է, որ Կիրկորովը ոտքերով եւ ձեռքերով հրապարակավ ծեծի է ենթարկել Յաբլոկովային:
Կիրկորովին կատաղեցրել էր արարողության փորձի լուսավորությունը, որի պատասխանատուն եղել է Յաբլոկովան: Կատաղության նոպայի մեջ Կիրկորովը «Ես կսպանեմ քեզ» բացականչությամբ հարձակվել էր կնոջ վրա եւ ծեծի ենթարկել, ինչի հետեւանքով տուժողը կորցրել էր գիտակցությունը:




























