Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացել է Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության երկրորդ հանդիպումը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը ղեկավարել է ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը:

Պատվիրակության կազմում են եղել Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը եւ արտաքին գործերի նախարարության ու ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության  աշխատակիցներ: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Մարդու իրավունքների հարցերով ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցչի Անձնական ներկայացուցիչ տիկին Ռիինա Կիոնկան:

Ամփոփելով մարդու իրավունքների շուրջ երկխոսության առաջին հանդիպման արդյունքները՝ հայկական պատվիրակությունն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակին` մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգին եւ դրա կիրարկմանը,  դատական համակարգի գործունեությանը, միավորումներ կազմելու եւ հավաքներ անցկացնելու ազատությանը, արտահայտվելու եւ մամուլի ազատությանը, ընտրություններին եւ ընտրական համակարգին, կրոնի եւ հավատքի ազատությանը, բանտարկյալների իրավունքներին` ներառյալ խոշտանգումների, դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ պայքարին առնչվող հարցերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ միջազգային ատյանների՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի  շրջանակներում Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ մարդու իրավունքների խրախուսմանն ուղղված համագործակցության հարցեր: