Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 11-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԵՄ տարբեր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը գլխավորել է 2011-ին ԵՄ նախագահություն ստանձնող Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտան Նեմեթը եւ  Եվրահանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Խորհրդի նիստի ընթացքում նշվել է, որ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը  ընդլայնման զգալի ներուժ է պարունակում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ` քաղաքական երկխոսության ակտիվացման, այս տարվա հուլիսին մեկնարկած Ասոցիացման համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունների,  Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի գոտու ստեղծման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի շուրջ:

Նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ Ասոցիացման համաձայնագիրը կամրապնդի Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական հենքը, նոր խթան կհաղորդի էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության ոլորտներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը:

Երկուստեք նշվել է Հայաստանի եւ ԵՄ քաղաքացիների տեղաշարժի հեշտացման կարեւորությունը եւ ընգծվել, որ արդեն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի համար:

Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտան Նեմեթն ասել է, որ եվրոպական կողմը մտադիր է առավել ակտիվացնելու իր քայլերը Հայաստանի հետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան խնդրի հանգուցալուծման  բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այդ ենթատեքստում Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտան Նեմեթը նշել է, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին: Հանձնակատար Ֆյուլեն իր հերթին ընդգծել է, որ շփման գծում լարվածությունը սրող միջադեպերը անընդունելի են:  ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները նշել են, որ ԵՄ-ն ողջունում է ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերյալ Աստանայի հնգակողմ հայտարարությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների առումով եվրոպական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը անցյալ տարի Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման եւ իրագործաման անհրաժեշտության վերաբերյալ: