Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ մեկնարկել է «Աջակցություն ընտանիքներին» ծրագիրը:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Եկեղեցու Հայաստանյան թեմերի առաջնորդների օրհնությամբ, ըստ կազմված ժամանակացույցի` քահանաների այցելություններ իրենց հովվության ներքո գտնվող դպրոցներ, որտեղ մանկավարժների եւ ծնողների հետ հանդիպումների ընթացքում հոգեւոր հայրերը կխոսեն ընտանիքի, իբրեւ հասարակության հենք, արդի հիմնախնդիրների, քրիստոնեական ընտանիքի առողջացման անհրաժեշտության մասին` անդրադառնալով Հայ Եկեղեցու արժեհամակարգի եւ ընտանեկան ավանդույթների պահպանման հարցերին: Դպրոցներին եւ ծնողներին կտրամադրվի նաեւ թեմատիկ հոգեւոր գրականություն:
Ծրագրի մեկնարկից առաջ դեկտեմբերի 6-8-ին Ծաղկաձորի Կեչառիս համալիրում ծխական քահանաների մասնակցությամբ տեղի է ունեցել բովանդակային եւ մեթոդական բնույթի դասընթաց, որին բանախոսությամբ հանդես են եկել Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կրթության գերատեսչության եւ ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ եւ այլոք:
Ծրագրի հաջորդ փուլը կյանքի կկոչվի 2010-2011 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:




























