Աստանայում տեղի ունեցած հնգակողմ հայտարարությունը Հայաստանի համար դիվանագիտական նահանջ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 8-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ախորժակը գնալով մեծանում է եւ նա նոր նահանջների ակնկալիք ունի:
«Իսկ հայտարարության տակ Սարգսյանի ստորագրությունը նշանավորում է ՀՀ իշխանությունների պաշտոնական համաձայնությունը կարգավորման քննարկվող ծրագրի վերաբերյալ եւ արձանագրում հայ դիվանագիտության կողմից այս տարիների ընթացքում թույլ տրված անընդունելի նահանջները»,-հայտարարեց ՀԱԿ համակարգողը եւ թվեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում
հայ դիվանագիտության արձանագրած «կործանարար նահանջները»:
«Հայաստանը շարունակել է Լեռնային Ղարաբաղը որպես բանակցությունների լիիրավ կողմ ճանաչելու ԵԱՀԿ-ի 1994 թվականի որոշումն անտեսելու Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքական գիծը, ինչի հետեւանքով ԵԱՀԿ-ի եւ համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարություններից վերացվել է Լեռնային Ղարաբաղի հիշատակումը որպես հակամարտության կողմ եւ բանակցությունների իրավահավասար մասնակից»:
Զուրաբյանը նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Առկա իրավիճակից ելքը նրա հրաժարականն է:
Ըստ նրա, ՀԱԿ-ը սխալվել է իր մարտավարության հարցում՝ հանրահավաքային ակտիվ պայքարը դադարեցնելով: «Նման ժեստ կարելի էր անել այն իշխանությանը, որը մտածում է պետական շահի մասին, որը սպասարկում է պետական շահը»,-նկատեց Զուրաբյանը՝ հավելելով, որ ռեժիմն ընդդիմության տված հնարավորությունն օգտագործեց իր իշխանական դիրքերն ամրապնդելու համար: Այժմ, գիտակցելով, որ մարտավարության սխալը է թույլ տվել, Կոնգրեսը շարունակելու է ակտիվ պայքարը հանուն իրենց իրավունքների եւ Հայաստանի պետական շահը վտանգող ռեժիմի հեռացման:




























