Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ ընդունել է միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը նախատեսում է օրինականացնել իրավա-պայմանագրային հարաբերությունները Հայաստանի եւ չճանաչված սուբյեկտների միջեւ:
Ազգային Ժողովում ներկայացնելով օրինագիծը՝ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդգծել է, թե փաստաթղթի ընդունումը որեւէ կերպ չի կարող ազդել ղարաբաղյան կարգավորման վրա: Նա հիշեցրել է, որ Հայաստանն առ այսօր պայմանագիր չի կնքել ԼՂՀ-ի հետ, սակայն նման օրենքի ընդունումը կանոնակարգում է իրավա-պայմանագրային հարաբերությունները երկու հանրապետությունների միջեւ:
Ավելի վաղ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը նկատել էր, որ նման օրենք ընդունելով հավասարության նշան է դրվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ:




























