Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչմամբ ղարաբաղյան խնդիրը չի լուծվի։ Այս մասին Ազգային ժողովի հարթակից հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ ներկայացնելով միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի այն դիտարկմանը, թե խնդրի լուծման ճանապարհը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է, Շավարշ Քոչարյանն ընդգծել է, որ Երեւանի նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, եւ բանակցային ողջ գործընթացը տարվում է այդ ուղղությամբ:

Նա նաեւ ասել է, որ դա չի նշանակում, թե ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելու հարցը հանվել է օրակարգից, պարզապես դրա համար պետք է հարմար ժամանակ գա։ «Ոչ ոք կասկած չունի, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Նա նաեւ ԼՂՀ քաղաքացիների անվտանգության երաշխավորն է»,- հայտարարել է Քոչարյանը։

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին մտադիր է խորհրդարանի քվերակությանը ներկայացնել Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը։