Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը առաջիկա 10 օրերի ընթացքում ներառել լիագումար նիստի օրակարգում:
«Դրանով Փելոսին եզակի հնարավորություն կունենա խոսնակի` իր պաշտոնավարման ժամանակաշրջանը ավարտել բարոյական ուժեղ ներկայացումով», - հայտարարել են հայկական լոբբիստական կազմակերպության արեւմտյան եւ արեւելյան շրջանների ատենապետերը։
Հիշեցնենք, որ նոյեմբերին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքում Կոնգրեսում մեծամասնություն կազմեցին հանրապետականները, որոնց էլ կվստահվի խոսնակի պաշտոնը` 2011-ից մեկնարկող նոր նստաշրջանում։
«Ներկայիս կազմով Կոնգրեսը շարունակի գործել թերեւս եւս երկու շաբաթ` մի վերջին հնարավորություն տալով Նենսի Փելոսիին լիագումար նիստում ներառել Հայոց ցեղասպանության հարցը», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանն ու հավելել. «Այս վերջին օրերը Կոնգրեսի զուգադիպում են ՄԱԿ-ի 1948-ի ցեղասպանության դեմ փաստաթղթի որդեգրման տարելիցին` դեկտեմբերի 8-ին է ստորագրվել այն, եւ սա կարեւոր առիթ է` մեկ անգամ եւս Ամերիկայի կողմից շատ հզոր ձեւով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու»:
Նշենք, որ Ադամ Շիֆի եւ հայամետ մյուս կոնգրեսականների հեղինակած թիվ 252 բանաձեւը այս տարվա գարնանը հավանության է արժանացել Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն այդպես էլ լիագումար նիստ չի մտել` Սպիտակ տան վարչակազմի եւ Թուրքիայի գործադրած ջանքերի պատճառով։
«Ներկայացուցիչների պալատի որոշ անդամներ չեն ցանկանում հետեւել իրենց խղճին եւ նախընտրում են խուսափել ցեղասպանության շուրջ բացահայտ դիրքորոշման որդեգրումից», - հայտարարել են Հայ դատի հանձնախմբի ատենապետերը եւ ընդգծել. «Փաստը մնում է այն, որ արդարացումներից եւ պատրվակներից ոչ մեկն այլեւս չպետք է թույլատրի Ամերիկայի ժողովրդի ընտրած ներկայացուցիչներին հրաժարվել Հայոց ցեղասպանության բանաձեւին «այո» կամ «ոչ» ասելուց»:
«Այս բանաձեւը մեկ անգամ եւս պետք է կոչ լինի նախագահի Օբամային, որ իր խոստումը հարգի եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչի», - ընդգծել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը:
Ներկայումս, Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով, Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւին աջակցում է շուրջ 150 կոնգրեսական։
Ընդգծելով, որ նմանատիպ բանաձեւեր Ներկայացուցիչների պալատում շրջանառվել են տասնամյակներ շարունակ, սակայն այդպես էլ լիարժեք քվեարկության չեն հասել, Հայ դատի հանձախումբը կոչ է անում Փելոսիին 2010 թվականը դարձնել վճռական տարի այս առումով: Հաղորդում է «Ազատությունը»:





























