Թուրքիայի արեւելյան Վանի նահանգի Բաշքալե շրջանում թուրքական զինված ուժերը որոնողական աշխատանքներ իրականացնելու ընթացքում հայտնվել են ականների վրա։ Զոհվել է 2 թուրք զինվոր եւ վիրավորվել՝ 7-ը։ Այս մասին հայտնում է թուրքական Haber7 կայքէջը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի Շիիրտի նահանգի Էրուհի շրջանում եւ Հաքքարի նահանգի Չուքուրջայի շրջանում սեպտեմբերի 8-ի երեկոյան թուրքական զինված ուժերի եւ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) քուրդ զինյալների միջեւ տեւական զինված բախումներ են սկսվել, որի ժամանակ զոհվել է 8 եւ վիրավորվել 5 թուրք զինվոր:
Թուրքիայի Շիիրտի նահանգի Էրուհի շրջանում, Չրահ լեռան վրա թուրքական զինված ուժերի եւ PKK-ի քուրդ զինյալների միջեւ սկսված զինված բախման ժամանակ թուրքական զինված ուժերի 6 զինվոր զոհվել է, 3-ը՝ վիրավորվել: Քուրդ զինյալների դեմ գրոհին մասնակցել են Sikorsky ուղղաթիռներ եւ հատուկ նշանակության զորաջոկատներ:
Համարյա միեւնույն ժամանակ Հաքքարիի Չուքուրջայի շրջանի Քազանի դաշտում թուրքական զինված ուժերի եւ քուրդ զինյալների միջեւ նույնպես բախումներ են տեղի ունեցել: Թուրքական զինված ուժերը կատարել են որոնողական աշխատանքներ, որի ժամանակ բախվել են PKK-ի քուրդ զինյալների հետ: Այս հատվածում նախնական տվյալներով զոհվել է 1 թուրք սպա եւ վիրավորվել 2 թուրք սերժանտ: Այստեղ թուրքական ցամաքային զորքերին նույնպես օդից աջակցել են ռազմական ուղղաթիռները:




























