Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր հայտարարել է, թե վստահ է, որ պաշտպանության նախարարության իրային պահեստներից 2008թ. մարտի 1-ին զինվորական համազգեստ է բաժանվել օլիգարխներին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու եւ խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու համար: Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողովի անդամները՝ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի գլխավորությամբ, երեկ այցելել էին պահեստներ եւ զորամասեր՝ ստուգելու լուծարված փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի 4-րդ զեկույցի տվյալները: Բնականաբար, Գուրգեն Արսենյանի խումբը որեւէ փաստ չէր արձանագրել:

«Տրամաբանական է, որ եթե նման բան է եղել, ապա դա պետք է արվեր առանց փաստաթղթերի, սակայն արյունալի գործարքների ժամանակ, միշտ փաստաթղթեր են ձեւակերպում, որպեսզի արյունը չկորի եւ չկարողանան դրանից հրաժարվել», նշել է Արամ Կարապետյանը, իսկ Արսենյանի պնդմանը, թե ՊՆ պահեստների գրանցամատյանները կեղծված չէին, պատասխանել է. «Ո՞վ է ասում, որ հանձնաժողովի անդամներին ցույց են տվել հենց այն գրանցամատյանը, որտեղ գրանցվել է այդ հագուստների եւ գլխարկների դուրս բերումը, կամ ինչո՞ւ եք կարծում, որ գոյություն չունի 2-րդ կամ 3-րդ գրանցամատյան»: