Այսօր` դեկտեմբերի 7-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակության հետ քննարկել է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությունը գլխավորել է կառույցի ղեկավար Արտյոմ Մովսեսյանը:

Իրականացվող աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը:  Իրենց նկատառումներն են արտահայտել նաեւ Արտյոմ Մովսեսյանը եւ ՀՀ քաղաքացիական ավիացիայի մասնագետները:

Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել իրականացվող աշխատանքների տեմպերի կապակցությամբ՝ ընդգծելով միաժամանակ, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները որակյալ կադրերի եւ մասնագետների պատրաստման ուղղությամբ:

 Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: