Ադրբեջանն իրեն անպատիժ է զգում եւ այն, ինչ անում է, անգամ լոբբինգ չի կարելի անվանել։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փորձագետ Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով փողերի լվացման եւ եվրոպացի պատգամավորներին կաշառելու պատճառով Ադրբեջանի շուրջ ծավալված սկանդալը։ Սաֆարյանը նշեց, որ խոսքը եվրոպացի քաղաքական գործիչներին ուղղակիորեն կաշառելու մասին է։ Սակայն Ալիեւն ու նրա ընտանիքը եվրոպական մոնիտորինգի տակ են հայտնվել, ինչը կարող է ծայրահեղ ճակատագրական նշանակություն ունենալ նրա համար ընդհանուր առմամբ։ Սաֆարյանը, սակայն, վստահ չէ, որ Եվրոպան Բաքվի նկատմամբ արմատական քայլեր կձեռնարկի։ Սակայն միանշանակ Իլհամ Ալիեւի ռեժիմի համար որոշակի վտանգ կա, եւ այն կարող է հանգեցնել Ադրբեջանի թուլացմանը։
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Եվրոպայում գիտեին, թե ինչով է զբաղվում ադրբեջանական կողմը, եւ այդ մասին մեկ անգամ չի հայտարարվել։ Սակայն միայն լրատվամիջոցների միջամտությունից եւ ավելի հավաստի փաստեր ստանալուց հետո հարցին որոշեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել։
Հիշեցնենք, որ Guardian-ի տվյալներով՝ Ադրբեջանի իշխող վերնախավը ավելի քան 16 հազար վճարումներ է իրականացրել 2012-2014 թթ։ Այդ գումարների որոշ մասը վճարվել է քաղաքական գործիչների ու լրագրողների՝ Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատությունները նվազեցնելու ու երկրի համար դրական վարկանիշ ստեղծելու համար։
Ըստ պարբերականի՝ Ադրբեջանի իշխանությունները գաղտնի սխեմայի միջոցով 2․9 մլրդ դոլար են «լվացել» բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով։ Բանկային փաստաթղթերը փոխանցվել են դանիական Berlingske թերթին, OCCRP կազմակերպությանը, Guardian –ին։




























