ՌԴ Պետդումայի մանդատների եւ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողովը հրաժարվել է Աշոտ Եղիազարյանին զրկել պատգամավորական մանդատից, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում:
Ինչպես տեղեկացնում է «ՎԵդոմոստի» պարբերականն իր այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի համարում, հանձնաժողովը միաժամանակ որոշել է, որ պատգամավորը կարող է շարունակել ստանալ իր աշխատավարձը (ամսական մոտ 160 հազար ռուբլի): Իրենց այդ որոշումը պատգամավորները հիմնավորել են, նշելով, որ պատգամավորների գործունեությունը չի կարգավորվում աշխատանքային օրենսգրքով, այդ պատճառով «հեռացնել» պատգամավորին կամ նրան զրկել աշխատավարձից չի թույլտրվում: Այդ նպատակով պետք է փոխել պատգամավորի կարգավիճակի մասին օրենքը:
ՌԼԴԿ խմբակցության ներկայացուցիչ Իգոր Լեբեդեւը, (այս խմբակցության անդամ է նաեւ Եղիազարյանը), լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր կուսակիցը պատրաստ է վերադառնալ Ռուսաստան եւ լիարժեք աշխատել, եթե իրավապահ մարմինները երաշխավորեն նրա եւ նրա ընտանիքի անվտանգությունը: Լեբեդեւը միաժամանակ ընդգծել է,որ Եղիազարյանը չի վախենում քրեական պատասխանատվությունից, քանի որ նրա դեմ հարուցված գործը սարքված է:
Եղիազարյանի հետ կապված իրավիճակը մանդատների եւ պատգամավորական էթիկայի հանձնաժողովում քննելու առաջարկը «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Ալեքսանդր Հինշտեյնինն է, ով պահանջել է ստուգել պատգամավորին աշխատավարձից զրկելու հարցի օրինականությունը:
Նշենք, որ Եղիազարյանը մեղադրվում է մեքենայություններ կատարելու մեջ:




























