WikiLeaks-ի կողմնակիցները շարունակում են պայքարը սկանդալային բացահայտումներով հայտնի կայքի «թշնամիների» դեմ, այս անգամ գրոհելով Ալյասկայի նախկին նահանգապետ եւ նախագահի նախկին թեկնածու Սարա Փեյլինի կայքը, հաղորդում է Washington Post թերթը:
Փեյլինի խոսքով, Operation Payback խմբի մեջ մտնող հաքերները, որոնք պաշտպանում են հայտնի WikiLeaks կայքը, ջարդել են sarahpac.com կայքը եւ հասել Փեյլինի մասին անձնական տեղեկություններին, այդ թվում կրեդիտ քարտերի տվյալներին:

Պարբերականը գրում է, որ գրոհի պատճառը կարող է լինել Սարա Փեյլինի արտահայտությունները WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջի հասցեին, որոնք նա գրել է Facebook սոցիալական ցանցում: Փեյլինը, մասնավորապես, Ասանջին համարել էր «ձեռքերն արյունոտ հակաամերիկյան գործիչ» եւ տարակուսանք հայտնել, թե ինչու է նա իր «բացահայտումների» թիրախ ընտրել հենց ԱՄՆ-ը, այլ ոչ ասենք միջազգային ահաբեկչական «Ալ Քաիդա» խմբավորումը:

«Խելացի չէ, որ մյուսները լռում են Ասանջի արարքների մասին: Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ հենվում ես ԱՄՆ սահմանադրության առաջին լրացման վրա (այն երաշխավորում է խոսքի եւ մամուլի ազատությունը) եւ խոսում նրա հիվանդ, հակաամերիկյան լրտեսական փորձերի դեմ»,- ասել է Փեյլինը:
Հիշեցնենք, որ ըստ «Վզգլյադ» թերթի, դեկտեմբերի 8-ին WikiLeaks կայքի կողմանիցները գրոհել էին միջազգային վճարումների Visa եւ MasterCard համակարգերի վրա: