Հայ Ազգային Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի տվյալներով Հայաստանում դեռեւս անազատության մեջ են գտնվում 21 քաղբանտարկյալներ:

ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ անազատության մեջ գտնվողներից միայն երեքի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եւ Հելսինկյան ընկերակցության իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի նկատմամբ դեռ վճիռ կայացված չէ, իսկ մնացած 18-ի նկատմամբ դատարանն արդեն ուժի մեջ մտած վճիռ է կայացրել:

Ըստ Խաչատրյանի՝ քաղբանտարկյալների գործերով արդեն մոտ 2 տասնյակ դիմում է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ մոտ երեք տասնյակ այլ գործերով նախնական նամակներ են ուղարկվել ԵԴ: Ընդ որում, ԵԴ ուղարկված հայցերում նշված խախտումները վերաբերում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (խոշտանգումների արգելում), 5-րդ (ապօրինի կալանքի արգելում), 6-րդ (արդար դատաքննություն), 10-րդ (խոսքի ազատություն) եւ 11-րդ (հավաքների ազատություն) հոդվածներին, եւ գրեթե բոլոր դեպքերում՝ ՄԻԵԿ-ի 13-րդ հոդվածին (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի օգտագործում):

Արմեն Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ համաներմամբ ազատ են արձակվել 30 քաղբանտարկյալներ, իսկ գործարար Խաչատուր Սուքիասյանին բաց են թողել միայն քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: