Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի Մշակույթի ու երիտասարդության պալատում բացվել է Արցախին նվիրված չեխ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ։ Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, հասարակայնության ներկայացուցիչներ ու արվեստի սիրահարներ։
Չեխիայի լուսանկարիչների ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանը, որը արմատներով Լեռնային Ղարաբաղից է, հաղորդել է, որ ս. թ. մարտի 4-ին Պրահայում անց է կացվել «Արցախ հինավուրց երկիրը» մեծ ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բազմամյա աշխատանքի արդյունք էր. Գարիկ Ավանեսյանը բազմիցս իր գործընկերների հետ այցելել է ԼՂՀ, արդյունքում էլ որոշվել է լուսանկարներով ցույց տալ Արցախն ու նրա բնակիչներին՝ իրենց առօրյայով, կենցաղով ու հոգսերով։
«Երբ մենք տեսանք, թե ինչքան շատ նյութեր ունենք, այդ ժամանակ ցուցահանդես կազմակերպելու միտք ծագեց, որը որոշեցինք անվանել „Արցախ հինավուրց երկիրը“։ Մենք փորձել ենք աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի ժողովուրդ է ապրում Լեռնային Ղարաբաղում, եւ ինչպիսի երկիր է այն։ Եթե իմ ուժերը ներեին, ես կմնայի այստեղ ամենաքիչը մեկ տարի, որպեսզի լուսանկարեի, լուսանկարեի ու լուսանկարեի։ Եթե հնարավորություն ունենայի, ապա կանեի Ղարաբաղում ապրող յուրաքանչյուր մարդու դիմանկարը, յուրաքանչյուրինը՝ առանց բացառության։ Այն, ինչ վերապրեց Արցախը 20 տարի առաջ, ես նկատի ունեմ պատերազմը, շատ ուժեղ է դրոշմվել։ Ես դա տեսնում եմ, որովհետեւ Ղարաբաղում լուսանկարներ եմ արել եւ նախքան պատերազմը։ Այնուամենայնիվ, ղարաբաղցիների բնավորությունը նույնն է մնացել»,- նշել է Գարիկ Ավանեսյանը։
Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն են ունեցել գնահատելու 2008 թվականին չեխ փաստավավերագրող Պետեր Խեյցմանի կողմից նկարահանված «Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը։ Տեղի է ունեցել նաեւ չեխ լուսանկարիչների «Արցախ հինավուրց երկիրը» ալբոմի շնորհանդեսը։ Հեղինակները որոշել են ցուցադրված բոլոր լուսանկարները թողնել Լեռնային Ղարաբաղում։



























