«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը եւ քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում հանդիպել են Freedom House կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել կազմակերպության եվրասիական բաժնի ղեկավար Դեյվիդ Քրամերը, Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով ավագ վերլուծաբան Սեմ Փաթենը, Freedom House -ի տարածաշրջանային հարցերով զբաղվող այլ աշխատակիցներ:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Արամ Սարգսյանը եւ Արտակ Զեյնալյանը ներկայացրել են Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակը: Քննարկվել են քաղբանտարկյալների, մամուլի ազատությունների եւ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները Հայաստանի համար առավել կարեւոր խնդիրը համարել են քաղբանտարկյալների առկայությունը: Արամ Սարգսյանի խոսքերով, մարտի 1-ից հետո բանտերում հայտնված մարդկանց մեծ մասը մինչ այս ազատ են արձակվել միջազգային կառույցների ճնշումների արդյունքում: Վերջին 10 քաղբանտարկյալների ազատությանը հասնելու համար կարեւոր է շարունակել այդ ճնշումները, նշել է Սարգսյանը: