Երեկ երեկոյան «Ժառանգության» կուսակցությունից հեռացվել են նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ու կուսակցության անդամ Մովսես Արիստակեսյանը, որը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո զբաղեցնելու էր պատգամավորի պաշտոնը:

Հիշեցնենք, որ երեկ հեռացվել է նաեւ ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Զոյա Թադեւոսյանը հաստատեց իր եւ իր երկու կուսակից ընկերների հեռացման փաստը եւ նկատեց, որ «Ժառանգությունում» այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը բնորոշ է իշխանական կուսակցություններին: «Այնպիսի աբսուրդային իրավիճակ է ստեղծվել, ինչը ընդդիմադիր կուսակցությունում չպիտի լիներ, եւ ինչը ավելի շատ հատուկ է այն ուժերին, որոնք այսօր իշխանությունում են: Փորձում են ազատվել արդար, ազնիվ, ուղղամիտ մարդկանցից: „Ժառանգությունն“ այսօր ազատվում է այդպիսի մարդկանցից: Մենք պայքարել ենք կուսակցության ներսում տարբեր խմբավորումներ ստեծելու դեմ, կուսակցության ազնիվ անդամներին տարբեր պիտակներ կպցնելու դեմ, որակավորումներ տալու դեմ»,- նշեց Թադեւոսյանը: Նա նաեւ վերահաստատեց, որ կուսակցության համագումարում կեղծիքներ են եղել: «Համագումարում տեղի են ունեցել ընտրություններ, որոնք կեղծվել են Արմեն Մարտիրոսյանի կողմից: Դա հովանավորվել է այն անդամների կողմից, ովքեր իրենց կուսակցության ստեղծողներ են համարում: Դա Հովսեփ Խուրշուդյանն է, ով կուսակցության անունից կեղծ հայտարարություններ է անում: Մենք պահանջել ենք Մարտիրոսյանի հրաժարականը, եւ նրանք մեզ երեքիս անվստահություն են հայտնել»,- նշեց Թադեւոսյանը:

Վերջինս, ի դեպ, նաեւ նշեց, որ վարչությունը, որը երեկ նիստ է գումարել եւ իրենց հեռացրել կուսակցությունից, լեգիտիմ չէ: «Կեղծիք անելու համար ստեղծել են կեղծ վարչություն: Վարչությունում իրենք 6 հոգի էին, 7-րդին ներգրավելու համար արագ փոխել են խմբակցության նախագահին՝ Արմեն Մարտիրոսյանին, իսկ Ստեփան Սաֆարյանին դարձրել են խմբակցության ղեկավար»,- նշեց «Ժառանգության» հեռացված անդամը: Հարցին, թե ինչ դիրքորոշում է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանը, Զոյա Թադեւոսյանը նկատեց. «Ես չեմ կարծում, որ այնտեղ դիրքորոշում կա: Դիրքորոշումն ուղղորդել է Հովսեփ Խուրշուդյանը»:

Նշենք, որ այսօր կեսօրին կուսակցության շարքային անդամները հավաքվելու են Սարյանի արձանի մոտ եւ կուսակցության ղեկավարությանն են ներկայացնելու իրենց դժգոհությունները: