«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ինքը՝ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նաեւ նշել է, որ խորհրդարանական խմբակցության ղեկավար է ընտրվել Ստեփան Սաֆարյանը:
Նշենք, որ երեկ կուսակցության վարչության նիստին նրա շարքերից հեռացվել են վարչության նախկին նախագահ Վարդան Խաչատրյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը եւ Մովսես Արիստակեսյանը, որը կուսակցության համամասնական ընտրացուցակով պետք է դառնար ԱԺ պատգամավոր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականից հետո: Մեկնաբանելով ներկուսակցական գործընթացները՝ կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը հայտնեց, որ կուսակցությունից հեռացված երեք անդամները զբաղված էին պառակտիչ գործունեությամբ, եւ նրանց հեռացնելու հարցը վաղուց էր հասունացել: Մեկնաբանելով խոսակցությունները, թե կուսակցության ներսում խզում է եղել արմատական տրամադրված անդամների եւ հարմարվողականների միջեւ, Խուրշուդյանը հայտարարեց. «Դա ուղղակի հերյուրանք է»: Նա նաեւ քիչ հավանական համարեց այլ կուսակցականների վտարումը կամ հեռացումը կուսակցության շաքերից: Խուրշուդյանը նաեւ հերքեց տեղեկությունը, թե այսօր կեսօրին կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչները հավաքվելու են կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ կուսակցությունում ստեղծված իրավիճակը քննարկելու համար նիստ գումարելու պահանջով:




























