Հայտնի «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ազատության ցուցանիշների վերաբերյալ ամենամյա տարեկան զեկույցը, որը վերաբերում է նախկին Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական ճամբարի երկրներին: Զեկույցում նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո Հայաստանում ժողովրդավարությունն անկում է ապրել: Հայաստանը 7 բալանոց սանդղակով ստացել է 5,75 բալ, այն դեպքում երբ դրան նախորդող տարում այդ ցուցանիշը եղել է 5,25: Բարձրագույն ժողովրդավարությունը գնահատվում է 1 բալ, իսկ վատագույնը` 7 բալ: Զեկույցի հեղինակների կարծիքով, նման անկումը պայմանավորված է եղել 2008-ի մարտի 1-2-ը տեղի ունեցած դեպքերով, երբ «ՀՀ իշխանությունները ուժ են կիրառել՝ ճնշելու համար ընդդիմության բողոքի ակցիաները»:

Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը ստացել է 6 բալ, այն դեպքում երբ նախորդ տարի այն եղել է 5,75 բալ: «Հայաստանում մամուլն աշխատում է գրաքննության պայմաններում»,-նշված է զեկույցում: Ինչ վերաբերում է դատական հակամարգին, ապա այստեղ եւս իրավիճակը վատացել է: «Մարտի 1-ի գործով ձերբակալություններն ու դատաքննությունները ուղեկցվել են զգալի խախտումներով»,- ասված է զեկույցում: Բացի այդ, զեկույցի հեղինակները նշում են, որ կոռուպցիան շարունակում է մնալ հիմնական խոչընդոտներից մեկը Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին, սակայն կոռուպցիայի մակարդակը 5,75-ից իջել է 5,5-ի, որը պայմանավորված է «կառավարության 2008-12 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքներով»:

Ի դեպ, «Freedom House»-ի տվյալներով 2008-ին 29 երկրներից 18-ում գրանցվել է հիմնական ցուցանիշների վատթարացում: Նշված պետություններից 8-ը, որոնց թվում՝ Ադրբեջանը, համարվում են ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներ: Մյուս 7 ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներն են Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Թուրքմենստանը: