Կիեւում անցկացված Եվրոպական եւ ասիական մեդիաների ֆորումի շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են նաեւ հայ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի «Լքված գերեզմանոց Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում, Հայաստան, 1993» եւ «Լքված գյուղ Մարտակերտի շրջանում, Հայաստան, 1993»:

Սակայն ֆորումի երկրորդ օրը, դեկտեմբերի 8-ին ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկը պոկել է լուսանկարի գրությունները: Ամենայն հավանականությամբ, պատճառը տեղանվան հետ Հայաստան նշելն է, իր բլոգում գրում է ֆորումի մասնակից, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա հերքել է ադրբեջանակն Trend գործակալության տարածած լուրը, թե ՌԻԱ Նովոստի գործակալության ղեկավարությունը Կիեւում տեղի ունեցած ցուցահանդեսից դուրս է բերել հայ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի լուսանկարները, որոնք սուտ տեղեկատվություն են պարունակել Ադրբեջանի մասին: Trend-ը նաեւ հաղորդել էր, թե ՌԻԱ Նովոստին ներողություն է հայտնել ադրբեջանական պատվիրակությանը:

Մարտիրոսյանը գրում է, որ ոչ մի լուսնկար ոչ ոք չի առգրավել, իսկ կազմակերպիչներից հաջողվել է իմանալ, որ ՌԻԱ Նովոստին ներողություն չի հայցել:

Մարտիրոսյանի խոսքով, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի օպերատիվ աշխատանքի շնորհիվ լուսնակարների գրությունները վերականգնվել են որոշակի խմբագրմամբ. «Մարտակերտի շրջան, Ղարաբաղ»: Ցուցահանդես այցելած Ադրբեջանի դեսպանը, ոչ մի առարկություն չի ներկայացրել: