«Մեծ Քուրդիստանի» ստեղծումը լիովին բացառվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսական փորձագետ Կարինե Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ ավելին, Թուրքիայի քրդերը այժմ պնդում են, որ երկրի ամբողջականությունը պահպանվի, նրանք ցանկանում են միայն մշակութային ինքնավարություն:

«Նման պահանջ ունեն նաեւ Սիրիայի քրդերը: Նրանք հենց մշակութային ինքնավարություն են ուզում՝ գիտակցելով, որ մեծ պահանջները կարող են մեծ խնդիրների հանգեցնել: Սակայն Թուրքիան չի ցանկանում թույլ տալ նաեւ քրդերի մշակութային ինքնավարությունը: Թուրքիան այժմ փորձում է այնպես անել, որ ոչ ոք ուշադրություն չդարձնի իր եւ Ադրբեջանի համատեղ զորավարժություններին, Նախիջեւանի եւ Ադրբեջանում տարածքում թուրք հրահանգիչների փաստացի տեղակայմանը»,-նշել է Գեւորգյանը:

Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի արդյունքներն, ըստ փորձագետի, խիստ շահարկվում են: «Շահարկման մասնակիցները տարբեր են, դա է Իրանն է ու Թուրքիան: Հանրաքվեն ինքնին չի նշանակում Իրաքի Քրդստանի ղեկավարության կողմից որեւէ հրատապ  գործողություն: Հետեւաբար, կարծում եմ, որ այս թեմայի շահարկումըը ձեռնտու չէ»,-ասել է Կարինե Գեւորգյանը:

Թուրքիան Քուրդիստանի տարածում 6 ռազմական բազա ունի:

«Թուրքիան արտաքնապես է դեմ հանրաքվեին, քանի որ լավ հարաբերություններ ունի նրանց հետ: 2014-ին նրանք Քուրդիստանի տարածքից նավթի մատակարարման պայմանագիր ստորագրեցին:  Ճիշտ է, հիմա էրդողանը սպառնում է չեղյալ համարել այն, բայց տեսնենք՝ կանի նա արդյոք դա»,-ասել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսը քվեարկել է անկախության օգտին: