Երեւանի ավագանին դեռեւս չի քննարկում հարցը, թե ով է փոխարինելու պաշտոնանկ արված Գագիկ Բեգլարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը: Ըստ մամուլի հրապարակումների, Երեւանի պոտենցիալ քաղաքապետերի ցուցակում քննարկվում է Դերենիկ Դումանյանի, Տարոն Մարգարյանի եւ ավագանու ՀՀԿ խմբակցության ցուցակի 5-րդ տեղը զբաղեցնող «ՀայՌուսգազարդի» հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Կարապետյանի անունը: «Դեպտեմբերի 13-ին տեղի կուենան ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ կնշանակվի այն օրը, երբ կքննարկվի նոր քաղաքապետի թեկնածուների հարցը: Այնպես որ, դեռ վաղ է խոսել թեկնածուների մասին»,- նշեց Դումանյանը:
Նա նշեց, որ ըստ կանոնակարգի, քաղաքապետին փոխարինում է առաջին փոխքաղաքապետը, ով Տարոն Մարգարյանն է, իսկ քաղաքապետի հրաժարականի դեպքում Երեւանի ավագանին պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ընտրել նոր քաղաքապետ:
Հարցին, թե ո՞վ է քաղաքապետի ամենահավանական թեկնածուն, ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը բաղկացած է 35 հոգուց: Եւս 17 մարդ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներն են, 13-ը՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության, որը չի ստանձնել ավագանու մանդատները: Եվ քանի որ 35 հոգու մեջ են մարդիկ իրենց ընտրությունը կայացնելու, հնարավոր է, որ այդ 35-ից յուրաքանչյուրի թեկնածությունն էլ քննարկվի»,-ասաց Դումայանը: Նա միաժամանակ հայտարարեց, որ եթե իրեն առաջարկվի ստանձնել քաղաքապետի պաշտոնը, ինքն այդ ժամանակ կմտածի:
Նշենք, որ Դումանյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է եւ նախկինում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:
Հավելենք, որ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ «ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, իսկ եթե վերջինս հրաժարվում է կամ չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու եւ համապատասխանում է քաղաքապետին առաջադրվող պահանջներին»:




























