NEWS.am-ը ներկայացնում է թուրքական կայքերից մեկում հայտնված թուրք հայտնի գրող Քեմալ Յալչընի բաց նամակը ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրանքով ազատ արձակել Սարգիս Հացպանյանին։ Քեմալ Յալչընը հայտնի թուրք գրող է, որը իր ստեղծագործություններում դրական լույսի տակ է ներկայացնում հայի կերպարը։ Մասնավորապես նրա «Սարը գելին» վեպի առանցքը կազմում են հայերը, ովքեր ցեղասպանությունից հետո իրենց որպես քուրդ են ներկայացրել։ Նրանք հեռանալով իրենց հայրենի Ադըյամանից հաստատվում են Գերմանիայում. Որտեղ տեղի են ունենում իրադարձությունները։ Նամակում կա հայերենով գրված հատվածներ, որոնք ներկայացնում ենք առանց փոփոխության։

Harkeli yev Sireli Serj Sarkisyan

Այս նամակը գրում եմ, որպես հայերի բարեկամ թուրք գրող, ով «Ağed»-ի ( Աղետ) մեծ ցավերը ընդունում է, որպես իր ցավեր։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեր խիզախ քայլերը հավանում եմ եւ աջակցում։ Բայց իմ այս բաց նամակի նպատակը այլ է։

Այս նամակը im sireli Hay Yeghpayrıs Sarkis Hatspanian-ի եւ նրա քաղցկեղով հիվանդ հոր տառապանքները վերջ տալու համար Ձեզ խնդրանքով եմ գրում։ Սարգիս Հացպանյանին ճանաչում եմ այն ժամանակվանից, երբ նա դեռեւս Թուրքիայում էր ապրում։ Իմ սիրելի ընկեր Հրանտ Դինքի հետ իմ դպրոցական ընկերն էր։ Նրա հորը, մորը եւ եղբայրներին Գերմանիայում եմ ծանոթացել եւ նրանց կրած մեծ տառապանքները նույնությամբ նկարագրել եմ իմ «Սարը գելին» վեպում։ Բայց Դուք Սարգիսին ինձնից ավելի լավ կճանաչեք։ Սարգիս Հացպանյանը Թուրքիայում ազատության, հավասարության եւ արդարության համար էր պայքարում։ Այդ պատճառով Թուրքիայում 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո, որպես Թուրքիայի հազարավոր քաղաքացիներից մեկը, նա էլ ձերբակալվեց։ Նրան փակեցին Սելիմիեի զորանոցում։ Զինվորական հեղաշրջման մասնակիցները նրան տանջանքների էին ենթարկում՝ ասելով . «Թուրքիան փրկող մի հա՞յ է մնացել»։ Սարգիսը ազատ արձակվելուց հետո ստիպված եղավ հեռանալ Թուրքիայից։ Նա քաղաքական ապաստան գտավ Ֆրանսիայում եւ Գերմանիայում, որտեղ շարունակեց պայքարը ազատության, հավասարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, խաղաղության եւ արդարության համար։ Հայաստանի ամենադժվար օրերին, երբ շատ Հայաստանի քաղաքացիներ լքում էին Հայաստանը, Սարգիս Հացպանյանը թողնելով Ֆրանսիայում հանգիստ կյանքը, շտապեց օգնելու Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին։

Harkeli Serj Sarkisyan Դուք Լեռնային Ղարաբաղի պատերազմում Սարգիսի հետ եք եղել։ Ամենադժվար օրերին, Սարգիսին որպես հավատարիմ ընկեր Ձեր տանն եք հյուրընկալել։

Իմ եղբայր Սարգիսը մեկ ու կես տարի առաջ եկել էր Քյոլն տեսնելու հորը եւ ընտանիքին։ Այդ օրերին էր հրատարակվել իմ «Անատոլիայի զավակները» գիրքը եւ նա Քյոլնում մասնակցեց այդ գրքի շնորհանդեսին։ Նա շատ երջանիկ էր եւ ասաց. «Երանի այս համաժողովը հայ ժողովուրդն էլ տեսներ»: Ավելի ուշ Սարգիսին Դյուսելդորֆի օդանավակայանից ամենալավ մաղթանքներով Երեւան ճանապարհեցի։ Ասացի,որ հենց հասնի տուն անպայման իմաց տա։ Նա ասաց, որ չանհանգստանամ եւ հավաստիացրեց, որ հասնելուն պես կզանգահարի ինձ։ Գնաց ու գնաց։ Օրերով սպասեցի։ Սարգիսից ոչ մի լուր չեկավ։ Երկու շաբաթ հետո հաղորդագրություն եկավ, որ Սարգիսը տուն մտնելուն պես ձերբակալվել է։ Շատ տխրեցի։ Մեկ ամիս, երկու ամիս, ամբողջ տարին սպասեցի նրա ազատության մասին լուրին։ Դուք համաներում հայտարարեցիք։ Շատ ուրախացա եւ հույսով սպասեցի։ Այդ ժամանակ բոլոր ձերբակալվածները ազատ արձակվեցին, բացի Սարգիս Հացպանյանից, ով դեռեւս գտնվում է Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում։

Sireli Hay Yeghpayr Serj Sarkisyan համաներման իրավունք ունեք, խնդրում եմ Ձեզ ազատ արձակեք Սարգիս Հացպանյանին։

Ձեր ցավերը իմ ցավերն էլ են։

Ձեր ուրախությունը իմ ուրախությունն էլ է։

Հայաստանի ժողովրդին եւ Ձեզ հղում եմ իմ սերն ու հարգանքը։

Kemal Yalçın

Adres:

Gauss Str.4,

44 879 Bochum

Deutschland