Սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան, երբ Իրաքի Քուրդիստանում ընթանում էր հանրաքվեն, Քիրքուքում տեղակայվել են ԱՄՆ բանակի լրացուցիչ ուժեր, որի կազմում եղել է 300 զինծառայող: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին վիճելի տարածքների վերահսկողության համար Բաղդադի եւ Էրբիլի միջեւ ռազմական գործողությունների հնարավոր վերականգնման մասին, որտեղ կենտրոնացած է Իրաքի Քուրդիստանի նավթային պաշարների 40 տոկոսը:
Նրա խոսքով՝ ամերիկացիների գործողություները պայմանավորված էին այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգները այս տարածքների վերահսկողության համար կողմերի միջեւ մարտական գործողությունների վերականգնում էր սպասում: «Եվ նրանք, ի դեպ, այս մասին հրապարակայնորեն են հայտարարել: Ստացվում է, որ Քիրքուքի շրջանը Իրաքի Սահմանադրությամբ Քրդական ինքնավարության մասն է: Ըստ որում՝ այն գտնվել է քրդական ռազմական կազմավորումների վերահսկողության ներքո»,- պարզաբանեց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ երբ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները հարձակվեցին Քիրքուքի եւ Իրաքի Քուրդիստանին սահմանակից շրջանների վրա, Իրաքի զորքերը լուրջ դիմադրություն ցույց չտալով նահանջեցին եւ քրդերին առանց աջակցության թողեցին:
Փորձագետը նշեց, որ արդյունքում քրդական «Փեշմարգայի» աշխարհազորայինները ստիպված էին ահաբեկիչների դեմ միայնակ պայքարել: Իսկ ամերիկացիները, նրանց գործողությունները եւ խիզախությունը բարձր գնահատելով, որոշեցին Իրաքի Քուրդիստանին աջակցություն ցույց տալ:




























