Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերություններում լրջագույն հարցերից մեկը առեւտրի ծավալների մեծացումն է։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Երեւանում ասել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նախարար Ալան Դանքընը։
Պետնախարարը վստահեցրել է, որ Մեծ Բրիտանիան ուզում է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ բիզնես մթնոլորտի բարելավման համար։ «Լավ քայլ է թափանցիկության նախաձեռնությանը միանալը, որը պլանավորվում է եկող տարի»,– նշել է նախարարը՝ ասելով, որ առեւտրաին ներկայացուցչի նշանակումը՝ ի դեմս Մարկ Փրիչարդի, ուղղված է տնտեսական ոլորտում հարաբերությունների խորացմանը։
Պետնախարարն արձանագրել է, որ հիմա երկու կողմերի համար էլ կարեւոր փուլ է։ Դունքընը հիշեցրել է, որ առավոտյան ելույթ է ունեցել խորհրդարանում եւ հավանություն տվել Հայաստանում կայացած սահմանադրական բարեփոխումներին։ «Ես ներկայացրել եմ, թե ինչպես են մեզ մոտ գործում ժողովրդավարական ինստիտուտները, բայց ես չեմ պնդում, որ նրանք կատարյալ են։ Հնարավոր է, որ մի քանի տարուց դուք մեզ ներկայացնեք, թե ինչպես է պետք ավելի լավ զարգացնել ժողովրդավարությունը»,– ասել է պետնախարարը։
«Մենք դուրս ենք գալիս ԵՄ–ից, բայց ոչ Եվրոպայից»,– ասել է պետնախարարը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան մտադիր է եւ հետագայում էլ միջազգային դեր խաղալ միջազգային ասպարեզում։



























