Հայաստանում սննդի անվտանգության պահպանման արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ։ Այսօր՝ դեկտեմբերի 10-ին նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը։ Պատճառներից մեկն, ըստ խորհրդականի, այն է, որ սննդի անվտանգության հարցերով զբաղվում են մի քանի տեսչություններ, որոնք գտնվում են առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարության ենթակայության ներքո։
Կառավարությունը մշակել է սննդի անվտանգության բարձրացման ծրագիր, ըստ որի՝ գյուղատնտեսության նախարարության կազմում գտնվող 2 տեսչություններ կմիավորվեն։ Խոսքը վերաբերում է սննդի անվտանգության ու անասնաբուժության եւ բուժսանիտարիայի տեսչություններին։

Նորաստեղծ կառույցի մեջ կմտնի նաեւ էկոնոմիկայի նախարարության որակի տեսչությունը։

Բացի կառուցվածքային փոփոխություններից՝ կիրականացվեն նաեւ գործառույթների հստակեցումներ։ Այդ քայլերը, ըստ Ղարիբյանի, մաս են կազմում Եվրամիության հետ ինտեգրման ծրագրի։

Նախատեսվում է մոտ մեկ երրորդով կրճատել պարտադիր փորձաքննության ենթակա սննդամթերքների քանակը (դրանց ընդհանուր թիվը մոտ 120 է): Դա հնարավորություն կտա ռեսուրսները կենտրոնացնել առավել ռիսկային ոլորտներում եւ բարձրացնել հսկման արդյունավետությունը։ Բացի այդ՝ Հայաստանի տարածքում կրկնակի փորձաքննության չեն ենթարկվի այն ներմուծվող սննդամթերքները, որոնք արդեն իսկ ունեն միջազգային հեղինակավոր սերտիֆիկատ։

Ա. Ղարիբյանի խոսքով՝ Հայաստանը աստիճանաբար պետք է հասնի նրան, որ խանութներում այլեւս չվաճառվեն չսերտիֆիկացված սննդամթերքներ։