Բանակցային գործընթացը կանխորոշված է՝ Ադրբեջանը երբեք չի ճանաչելու ԼՂՀ անկախությունը: Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իշխանության այն հակափաստարկին, թե ԼՂՀ ճանաչումը կխոչընդոտի բանակցային գործընթացին:
«Ադրբեջանի Հանրապետությունը բոլոր ժամանակների, բոլոր հանգամանքների, բոլոր պայմանների համար որոշել է չճանաչում: Ինքը երբեւէ չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նրա ինքնիշխանությունը: Ադրբեջանի չճանաչմամբ առաջացած ասիմետրիան պետք է վերականգնվի Հայաստանի ճանաչումով»,-հայտարարեց բանախոսը: Նրա խոսքով՝ ճանաչումը չպետք է դիտարկել որպես բանակցային գործընթացի վրա ազդելու միջոց: «Սա մեր ինքնիշխան իրավունքն է, մենք պետք է սա իրացնենք»,-ասաց նա:




























