ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան NEWS.am-ին մեկնաբանել է այդ պաշտոնում դեսպան Ռոբերտ Բրադկեի նշանակումը։
«Լինելով իմաստուն ու փորձառու դիվանագետ, դեսպան Բրադկեն նաեւ իմ ընկերն է։ Ես լիովին վստահ եմ, որ նա կշարունակի գործը՝ իրեն բնորոշ արհեստավարժությամբ ու ունակությամբ։ Ես նրան հաջողություն եմ մաղթում»,- նշել է, մասնավորապես, Բրայզան։ Ըստ նրա, «խաղաղության շրջանակային պայմանագրի հետագա ստորագրմամբ ղարաբաղյան կարգավորման դինամիկայի պահպանումը մեծ նշանակություն ունի Հարավային Կովկասի մեր բոլոր բարեկամների համար։ Դեսպան Բրադկեն լավ է պատրաստված դրա համար»։
«Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես վայելում եմ արձակուրդս եւ հույս ունեմ դիվանագիտական ծառայության վերադառնալ մի քանի շաբաթից։ Ես մտադիր եմ իմ կարիերայի մեծ մասը նվիրել աշխատանքին Հարավային Կովկասում»,- հայտնել է Մեթյու Բրայզան՝ շնորհակալություն հայտնելով NEWS.am-ին՝ Ծաղկաձորում կայացած համաժողովում իր ելույթի ամբողջական հրապարակման համար։
Նշենք, որ Բրադկեն ամերիկյան դիվանագիտական ծառայության մեջ է արդեն 36 տարի։ Ս. թ. հուլիսին ավարտվել է Խորվաթիայում ԱՄՆ դեսպանի նրա պաշտոնավարման ժամկետը։ Մինչ այդ, 2001-2004 թթ. նա աշխատել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական եւ ՆԱՏՕ-ի ու ԵԱՀԿ-ի գործունեության պատասխանատու։ 1983 թվականին աշխատել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունում։




























