Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ոչ մի կերպ չի խախտում  տարածքային ամբողջականության սկզբունքը: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ Կատալոնիայում եւ Իրաքի Քուրդիստանում անցկացված հանրաքվեները միջազգային իրավունքի տեսակետից ոչ մի կերպ չեն խախտում Իսպանիայի կամ Իրաքի տարածքային ամբողջականությունը, քանի որ այս սկզբունքը խախտվում է միայն այն դեպքում, եթե այս կամ այն պետության նկատմամբ ռազմական ագրեսիա է կատարվում, որը դրսից է առաջանում, ինչն իր հերթին բերում է ռազմական ներխուժման, որի հետեւանքով ագրեսիայի ենթարկված պետությունը իր տարածքի մի մասի վրա վերահսկողությունը կորցնում է:

«Մի՞թե Իսպանիայի կամ Իրաքի օրենքները խախտվել են: Այո, Իսպանիայում օրենքը խախտվել է, քանի որ նույնիսկ Իսպանիայի Սահմանադրական դատարանն  էր որոշում ընդունել, որի համաձայն   շրջանային հանրաքվեի անցկացումը իսպանական օրենսդրության լուրջ խախտում»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, սակայն, որ հենց այս պատճառով Իսպանիայի վարչապետը հայտարարեց, որ հանրաքվեն ապօրինի է, սակայն նույնիսկ չօգտագործեց «ոչ լեգիտիմ» տերմինը: Ըստ որում՝ Աավերդյանը նշեց, որ ի տարբերություն Իսպանիայի՝ Իրաքում նման օրենք չկա: