Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ի Երեւանում ներկա է գտնվել Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպված «Արցախի ինքնորոշման իրավական ասպեկտները արդի միջազգային իրավական մարտահրավերների պայմաններում. Կոսովոյից առաջ եւ հետո» խորագիրը կրող համաժողովին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Ժամանակակից աշխարհն այլեւս ավելի դժվար է համակերպվում բռնության ու ազատազրկման վրա հիմնված կայսրությունների առկայության հետ, չի հանդուրժում այդօրինակ միավորների գոյությունը: Կարելի է վստահաբար ասել, որ եկել է ազատության ժամանակը:
Մենք հասկացել ենք, որ չենք կարողանա զարգանալ, եթե չլինենք ազատ, եթե չունենանք թե ներքին, թե արտաքին ազատություն: Անգամ ազատություն՝ ազատության մասին խորհելու, կամ ընդհանրապես խորհելու համար:
Իսկ այն, որ խորհելը միշտ հանգեցնում է այլախոհության, ասել կուզի՝ ազատության, աքսիոմատիկ ճշմարտություն է:
Մենք արձանագրում ենք, որ Հայաստանում ձեւավորվել է միջազգայնագետ- իրավաբանների այնպիսի մի սերունդ, որը պատրաստ է համակողմանի իրավական հետազոտության ենթարկել հայ ժողովրդի համար չափազանց կարեւոր երկու խնդիրներ` Արցախյան հակամարտության միջազգային իրավական ասպեկտները եւ Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվությանն առնչվող հիմնախնդիրները:
Այս առումով կցանկանայի անդրադառնալ ժամանակակից աշխարհի առանձնահատկություններից մեկին:
Այսօր, առավել քան երբեւէ, մտածող մարդիկ եւ նրանց միավորող կառույցները ստացել են պետության կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն:
Արցախի ժողովուրդը հստակ գիտի, թե ինչ է ուզում, եւ մենք բոլորս համոզված ենք, որ հասնելու ենք դրան, իսկ այս կենտրոնի առաքելությունն է մեզ հուշել, թե ինչպիսի գիտելիքներով ու գործիքակազմով զինված կկարողանանք առավել արագ ու արդյունավետ հասնել մեր նպատակներին:
Այսօրվա միջոցառումը նվիրված է Կոսովոյի անկախության հռչակագրի իրավաչափության հիմնախնդրին, թեմա, որ հետաքրքրում է նաեւ մեր գիտական հանրությանը: Մանավանդ, եւ այս հարցում ինձ հետ կհամաձայնեն նաեւ իրավաբանները, որ Արցախն ունի լիիրավ ինքնորոշվելու շատ ավելի ամուր իրավական, ռազմաքաղաքական ու պատմական հիմքեր: Հուսով եմ, որ համաժողովը հնարավորություն կտա ներկաներին տալ այս հարցերի պատասխանները:
Միջազգային հարաբերություններում այսօր իրավունքը ժողովուրդների համար ազատությունն իրացնելու միջոցներից ամենաողջամիտն է»:




























