Հայաստանը գնահատում է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումը: Այս մասին, հոկտեմբերի 9-ին, Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեի, ԳԴՀ ներքին գործերի նախարարության Էմիգրանտների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնակատար, Բունդեսթագի պատգամավոր Հարթմուտ Քոշիկի եւ Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Մայերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումներին եւ նշել, որ դեպքի առնչությամբ անհրաժեշտ է իրականացնել համապարփակ եւ լիակատար ուսումնասիրություն` թե’ միջազգային եւ թե’ ազգային խորհրդարանների հեղինակությունը կոռուպցիոն սկանդալներից զերծ պահելու եւ մաքրելու համար:
Հանդիպման ընթացքում Արմեն Աշոտյանը կարեւորել է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը եւ նշել, որ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչումը քայլ է մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ:




























