Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ընդունում է, որ շատ գիտնականներ արտագաղթում են Հայաստանից ցածր աշխատավարձի պատճառով, սակայն, միեւնույն ժամանակ հիշեցնում է՝ եվրոպական շատ երկրներում էլ են նրանք արտագաղթում:

«Եթե ես հնարավորություն ունենայի, ամսական 5 հազար դոլար վճարեի, իրենք չէին արտագաղթի, շատ պետություններում նման խնդիր կա, ավելի բարձր աշխատավարձ են առաջարկում, մարդիկ թողնում, գնում են: Ուրիշ խնդիր է, որ կարողանանք այս մարդկանց հետ կապը պահել եւ օգտագործել նրանց հնարավորությունները, հետագայում մեր երկրի վիճակը որ բարվոք լինի, կարողանանք հրավիրել նրանց հետ Հայաստան»,- այսօր՝ հոկտեմբերի 13-ին, NEWS.am-ի հարցին՝ ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում Կոմիտեն, որ գիտնականները չարտագաղթեն, ասաց նա:

Սամվել Հարությունյանը վստահեցրեց, որ հենց այս ուղղությամբ Գիտության պետական կոմիտեն քայլեր է ձեռնարկում, մասնավորապես մրցույթներ հայտարարելիս, առաջարկվում է ունենալ արտասահմանցի խորհրդական: Կոմիտեի նախագահի խոսքով, 300 նմանատիպ ծրագրերից 100-ն ունեն արտասահմանցի խորհրդական. «Նրանցից շատերը հենց հայեր են, որոնք նախկինում մեզ մոտ են աշխատել եւ այսօր արտասահմանում են: Եթե չես կարող մարդկանց պահել Հայաստանում, գոնե նրանց հետ պետք է կապերը պահել: Շատ լավ կլիներ, որ երկրում վիճակը լավ լիներ ու մարդիկ մնային, այստեղ աշխատեին»: