Առաջիկա երկու օրում «Արմիքս» հայկական ինտերնետ թրաֆիքի փոխանակման հիմնադրամը կսկսի իր փորձնական աշխատանքները։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմիքս» հայկական ինտերնետ թրաֆիքի փոխանակման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալբերտ Տոնեյանը։ Նրա խոսքով՝ հիմնադրամի գործունեության նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են՝ վարձակալվել է տարածք, ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ։
Ա. Տոնեյանի խոսքով՝ հիմնադրամի ծառայություններից կարող են օգտվել ոչ միայն ինտերնետ պրովայդերները, այլեւ կազմակերպություններն՝ իրենց IP հասցեներով:
«Այս հիմնադրամը միայն հայկական ինտերնետի թրաֆիքի փոխանակման համար է։ Սա միայն հայկական ցանցերի միջեւ է փոխանակում իրականացնում»,- ասաց Ա. Տոնեյանը։ Նրա խոսքով՝ մոտ 30-40 կազմակերպություն՝ այդ թվում դպրոցներ, արդեն ցանկություն են հայտնել միանալ հիմնադրամին՝ իրենց IP հասցեների միջոցով։ Իսկ մոտ 10-ից ավել պրովայդերներ, որոնք ընդգրկված են հիմնադրամի նախաձեռնող խմբում շուտով կսկսեն պայմանագրեր կնքել եւ այդպիսով միանալ հիմնադրամին։
«Կարծում եմ բոլոր ինտերնետ մատակարարողները կմիանան այդ հիմնադրամին եւ բոլորը պայմանագրեր կկնքեն, ինչը ոչ միայն տնտեսապես ավելի շահավետ կլինի նրանց համար, այլեւ տրամադրվող ինտերնետը ավելի մեծ արագություն կունենա»,-ասաց Ա. Տոնեյանը։
Հիմնադրամը թույլ է տալիս երկու ինտերնետ մատակարարող ընկերությունների միջեւ կապի ընդհատման պարագայում բաժանորդներին ապահովել անխափան կապ։ Նշենք, որ հայկական ինտերնետ թրաֆիքի փոխանակման հիմնադրամը՝ «Արմիքս», ստեղծվել է այս տարի։ «Արմիքս»-ի հիմնադիրներն են «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» եւ «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, իսկ նախաձեռնող խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններից՝ «Օրանժ Արմենիա», ADC, GNC Alfa, Icon Communications, Web, Ucom, «Ապագա Թեքնոլոջիս», «Շիրակ Թեքնոլոջիս» եւ այլ ընկերություններ:





























